ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սեզոնն ավարտվեց` արձանագրելով ամենակարևոր բնորոշիչը

Սեզոնն ավարտվեց` արձանագրելով ամենակարևոր բնորոշիչը
05.08.2008 | 00:00

ՓՈՂՈՑԸ՝ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ
Երեք խաղացողներից փողոցում գտնվողն ամենաուժեղն է: Նա փողոցը վերածել է ինստիտուցիոնալ մարմնի, բաց հասարակության` յուրովսանն պետություն է կերտում: Հետինդուստրիալ այս ժամանակահատվածում: Պետության դերակատարությունն իրավամբ «վախճանի» մեջ տեսնող, հայ ժողովրդի ինքնակազմակերպման նոր ձև ու բովանդակություն որոնող Տիգրան Սարգսյանը պետք է հաճախ վարչապետական իր պատուհանից դուրս նայի: Դեպ փողոց: Մանավանդ մեծ երթի օրերին` այնտեղ գտնելու իրեն հետաքրքրող ու հուզող հարցերի բոլոր պատասխանները: Բայց պրոգրեսի ջատագով վարչապետն ավելի լավ կանի ամեն ջանք գործադրի` ներդաշնվելու համաժողովրդական, համապետական այդ ռիթմին, որովհետև գրասենյակում երկնած ցանկացած իդեա առ ոչինչ է, եթե չի անցնում այդ «երթի» միջով:
Ինչո՞ւ ենք հատկապես անդրադառնում Տիգրան Սարգսյանին։ Որովհետև, ի տարբերություն Սերժ Սարգսյանի իներցիոն մտածողության, նա ուզում է լավ և արագ («ժամանակակից աշխարհը շատ արագ է զարգանում ու փոքրանում». ինքն է ֆիքսում), համ էլ որ վերջին շրջանում խիստ ակնառու է` Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանից բացի, ուրիշ ոչ մեկին չի վստահում:
Եվ ստեղծված «եռամիասնական» պայքարի մեջ, երբ Տեր-Պետրոսյանը բոլոր դեպքերում տեղ է թողնում Սերժ Սարգսյանին` երրորդ խաղացողի (Ռ. Քոչարյանի) հարցում կողմնորոշվելու, Սերժն էլ դանդաղում է` երիտթոշակառու Քոչարյանի նկատմամբ լոյալություն դրսևորելով, վարչապետի դիրքորոշումից շատ բան է կախված՝ նժարը ճիշտ կողմ թեքելու առումով: Անդրադառնում ենք Տիգրան Սարգսյանին նաև այն պատճառով, որ փողոցն ինքնին, որքան էլ «հուժկու», անգամ այն աստիճան, որ կարող է փոխարինել ամենասոլիդ դահլիճին, ուր բոլորի ներկայությամբ, բաց երկնքի տակ «կոնդակային»-մանրանկարչությամբ ծաղկված թղթի վրա` ի պահ են տրվում համաժողովրդական պայքարի ապագա մոդիֆիկացիները, այնուհանդերձ, ժամանակակից քաղաքակրթությունն այնքան չի «արագացել», որ փողոցը համարվի ժողովրդի ու պետության վերջնական հանգրվան:
Ասել է` ինչ-որ բան կիսատ է: Եվ որքան էլ Տեր-Պետրոսյանն ու ստեղծված կոնգրեսը հեռահար, նպատակային և, ինչպես վերջին միտինգը ցույց տվեց, շատ ավելի ուժեղ են, այնուհանդերձ, անկեղծ լինենք, ֆորմալ առումով կիսատ են, որքան կիսատ են իշխանությունները առանց ժողովրդի:
Այսպիսով, ամառային սեզոնն ավարտվեց և ապացուցեց. ասպարեզում եղող ընդդիմությանը ոչինչ, ոչ ոք երբեք չի «կոտրելու»: Եվ օգոստոսի մեկն առանցքային էր ոչ այնքան Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, որքան արձանագրումով. Մատենադարանի հարթակում է մի ուժ, որը, հակառակ բոլոր սպասումների, ոչ թե մարման, այլ աճման դինամիկայի մեջ է և ունի ճիշտ առաջնորդ:
Հետևաբար, իշխանություններին չի հաջողվելու իրականության վերածել անչափ երկար «համբերելու» իրենց իդեա-ֆիքսը, ինչ է թե` ընդդիմության պայքարը մարի փողոցում` ազատելով նրանց ձեռքերը կամային քայլեր անելու անհրաժեշտությունից:
Եվ եթե իշխանության քայլերը համաչափ ու դինամիկ չլինեն, ապա պրոցեսը շատ ավելի երկար ու ցավոտ է լինելու, ինչը ո՛չ ընդդիմությանը և ո՛չ էլ իշխանությանը պետք չէ, բայց «երիտթոշակառուներին շատ է հարկավոր»:
Անցանք առաջ: Օգոստոսյան միակ միտինգի հաջորդ առանձնահատկությունն էլ այն էր, որ ապացուցվեց. ընդդիմության պայքարի ռեսուրսներն անսահմանափակ են, ավելին են, քան իշխանության ռեսուրսները: Խնդիրը լոկ միտինգավորների քանակային ցուցիչը չէ: Եվ դա էլ այն դեպքում, երբ մարզային որևէ ավտոկայան «դեպ Երևան» չէր աշխատում: Ռեսուրսներ ասելով, կոնկրետ դեպքում, նկատի ունենք «հոգեխանգարմունքային» այն վիճակը, որի մեջ գտնվում է ժողովուրդը: Ասել է` վերջինս չի կորցրել իր ոգևորությունը: Սպասման հույսը: Նաև հավատը` առաջնորդի նկատմամբ: Սա հենց այն է, որի մասին Տեր-Պետրոսյանն ասում էր` Սերժ Սարգսյանը առայժմ «չի ուզում», բայց ստիպված կլինի ուզել»... այն է` հաշվի նստել Լևոնի և նրա հետևում եղող ժողովրդի հետ: Այնպես որ, օգոստոսի մեկից եվրոպաներ հանգստի մեկնած (ի դեպ, մեզ այդպես էլ չհաջողվեց նախագահականից պարզել, թե հատկապես եվրոպական ո՞ր երկիր է մեկնել Սերժ Սարգսյանը. չնայած «ուր մեկնելու առնչությամբ» ունենք մեր «մասնավոր» կարծիքը) «իշխանությունը» «սամալյոտի» մեջ պետք է որ սևեռված լինի այդ մտքի վրա` նորովի մոտեցումներ որդեգրելով այդ ուղղությամբ: Ներքևում գործնական աջակցություն կդրսևորենք իշխանությունների նկատմամբ` խնդրո առնչությամբ, առայժմ մնանք Մատենադարանի հարթակում:
Միտինգի հաջորդ առանձնահատկությունն էլ այն էր, որ ապացուցվեց` այսօր, որպես ռեալ խաղացողներ, մնացել են երկուսը: Կարծում եք` հենց այնպե՞ս խիստ սահուն ու լողացող ռեժիմով պայքարի «մետր» Տեր-Պետրոսյանը Քոչարյանից անցում կատարեց դեպ Սերժ Սարգսյան: Ամենևին: Այդ քայլով նա խաղից հանեց Քոչարյանին, որի դիրքերը գնալով թուլանում են: Քոչարյանը մնում է միայնակ խաղացող, որին համակարգը հնարավորինս արագ է փորձում մոռանալ: Քոչարյանի ամենամեծ «ռեսուրսը», որն էլ առայժմ նրան պահում է խաղի մեջ, ունեցած` հայոց բյուջեից մեծ սեփականությունն է: Ինչն էլ «սեփականատիրոջն» առայժմ անխոցելի է դարձնում: ՈՒ որքան էլ հայաստանյան նոր իշխանությունը փորձի կոսմետիկ և նույնիսկ «համակարգային» բարեփոխումներ իրականացնել, միևնույն է, քանի դեռ այդքան «գույք` պարտքի դիմաց» գտնվում է Քոչարյանի ակտիվներում, անհնար է լինելու խոսել որևէ բարեփոխման, ինչպես նաև երրորդ` թոշակառու խաղացողի անվնաս լինելու կամ վերջնական տապալման մասին: Ընդ որում, մնացած բոլոր օլիգարխներին խաղից հանելը իշխանությունների համար առանձնապես մեծ խնդիր չէ: Խնդիրը կա ու մնալու է Քոչարյանի օլիգարխությունը, որի դեմ գոնե այս պահին իշխանությունն անզոր է:
Սա շատ լավ է հասկանում Տեր-Պետրոսյանը և հերթական շանսն է ստեղծում Սերժի համար` կայացնել ճիշտ որոշում: Երբ ուշադիր, մակրոսկոպիկ զննության ես ենթարկում Տեր-Պետրոսյանի օգոստոսյան ելույթը, որն առաջին հայացքից «նվիրված» է «օգոստոսափառ» նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա ակնառու է. ինչպես Սերժ Սարգսյանն էր իր ասուլիսում առաջնորդվում` «կուժ ասեմ` կուլա դու արագ լսիր ու հասկացիր» չափաբանությամբ, այդպես էլ իր բավականին ծավալուն ելույթում Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանից առայժմ դե ֆակտո պահանջում է. ա) գլխավորը` ազատել և նորից ու նորից ազատել քաղբանտարկյալներին, ինչում Սերժ Սարգսյանն իսկապես անհանդուրժելիորեն դանդաղում և ուշանում է: բ) Եվս մեկ անգամ Տեր-Պետրոսյանը հանգստի գնացող Սերժ Սարգսյանի ուշադրությունն է հրավիրում Ռ. Քոչարյանի «վրա» և հորդորում` ցիվիլ ձևով դուրս գրել երրորդ խաղացողին ոչ թե նրան փուռը տալու` Հաագայում «նստեցնելու» հաշվին (ինչը շատ ճիշտ մոտեցում է. չի կարելի «նստեցնելու» նախադեպ ստեղծել երկրի նախագահի համար, անկախ նրանից` այդ նախագահը Քոչարյանն է... հիշո՞ւմ եք անեկդոտը. «Դու բան չէիր արել, քեզ ասացին` Քոչարյա՞ն». ինչ վերաբերում է Հաագայի ստորագրությանը, ապա այն ընդամենը շատ ուժեղ քաղաքական քայլ էր ընդդիմության կողմից, որից ամենից շատ, թերևս, կարող է օգտվել հենց Սերժ Սարգսյանը), այլ փակել օդանցքը` Քոչարյանի հետ խաղացողների համար: Եվ վերջապես, գ) գնալ արտահերթ համապետական ընտրությունների, կոնկրետ դեպքում` խորհրդարանական... այստեղ պաուզան երկար պետք է ձգենք:
Դիտարկելով Տեր-Պետրոսյանի՝ Սերժ Սարգսյանին հրաժարականի «հրելու» ելույթը, պետք է ասել` առաջին նախագահը կիսատոներով է արտահայտվել այդ առնչությամբ` մեծ ճակատամարտը թողնելով այլ օրվա, եթե Սերժն այսքանից հետո էլ լավ «չպատկերացնի», թե ում հետ գործ ունի, և ինչ ասել է փողոցում եղող գրագետ-ռեսուրսավոր իշխանություն: Տեր-Պետրոսյանը դեռևս առաջ է մղում Քոչարյանին և նրա «օրոքը»` հասունացնելով արդեն իսկ բավականին իզգոյացված պառլամենտի լուծարման հարցը: Այսպես. ելույթի պառլամենտ «գլխում» օրվա խորհրդարանի հետևում ակնհայտորեն ի ցույց են դրվում Քոչարյանի... (բա ամոթ չի՞, բա երկրորդ նախագահի համար կասե՞ն` «ականջները», շատ էլ ինքը սիրում է հատկապես պառլամենտի այդ կենսական օրգանը «քաշել») թողած «մնացորդային երևույթները»:
Նախ` Տեր-Պետրոսյանը սկսում է հոկտեմբերի 27-ից: Հաջորդական կանգառը` մարտի 20-ին ընդունած` «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց ապահովման մասին» օրենքի, իսկ իրականում` Տեր-Պետրոսյանին «կախելու, գնդակահարելու, Լինչի դատաստանի ենթարկելու» մասին օրենքի փոփոխություններն են: Հիշենք` այդ օրենքով բառացիորեն արգելվում էր Տեր-Պետրոսյանին «տնից դուրս գալ»:
Չնկատեցինք, սակայն Տեր-Պետրոսյանը տնից իր պահակախմբի ուղեկցությամբ դուրս եկավ, երբ... Քոչարյանն արդեն «գնացել էր»: Տեր-Պետրոսյանն իր պահակախմբով եկավ հունիսի 20-ի միտինգին: Փաստորեն, Սերժը մի ձեռքով թույլ տվեց, որ տեղի ունենա արգելված միտինգը, մյուս ձեռքով, որ դրան «ամբողջ կազմով» ներկա լինի Տեր-Պետրոսյանը: Նույնը` այս ընթացքում տեղի ունեցած մնացած միտինգների ժամանակ: Փաստորեն, արդեն քանի ամիս շարունակվում են ընդդիմություն-ոստիկաններ «մերձեցման» երեկոները (մի հարցնող լինի, որ դե ֆակտո թույլ եք տալու, էլ դե յուրե «թիթիզություններն» ո՞ւմ են պետք): Մանավանդ որ ամեն միտինգին Քոչարյանը հեռադիտակը դնում է իր թոշակառու աչքերին ու նայում է` էլի Աֆյանն ու Ներսիկ Ներսիսյանը բանակցում են Լևոն Զուրաբյանի հե՞տ, էլի չե՞ն ծեծում իրար, էլի եկա՞վ Տեր-Պետրոսյանը, տարածե՞ց թևերը Մատենադարանից իր «հոտի» վրա, էլի սկսեց քայլե՞լ ողջ երկրով մեկ` մարտի մեկին Ղարաբաղից բերված սպեցնազի կողմից ծեծված, դիպուկահարներից կրակված ժողովուրդը... ՈՒ մի դիմում, իմա` միտինգ էլ Քոչարյանն է կազմակերպում յուրայինների հետ. «Տեսնում եք, էլի, էլ ինչ ասեմ. ես չէի թողնում, որ Լևոնը դուրս գար տնից, «ձերբակալել» էի նրան, տեսեք` ինչ է անում Սերժը, հիմա հասկացա՞ք` ի՜նչ ապահով տանիք էի ձեր համար»:
Ոնց որ չեն տեսնում, որովհետև բոլոր «յուրայինները» մեզ հետ զրույցում «յախա» էին թափ տալիս Քոչարյանից` այ մարդ, գնացել ես, խելոք նստի տեղդ, էլի: Ո՜Ւմ են ասում:
Քոչարյանը միակն է, որ չի ցանկանում երկրում միտինգ տեղի ունենա, երթ ընթանա, նրա «սիրտը չի վերցնում», որ ամեն բան երկրում խաղաղ է: Իսկ որ ամենակարևորն է, նա միակն է, որ չուզելով չի ուզում պառլամենտը ցրվի, որովհետև այնտեղ իր «յուրայիններն» են, և ինքը նրանց վրա է «հավաքելու» իր վարչապետությունը, հետո` նախագահությունը:
Սակայն, բոլոր դեպքերում, երկրում հասունանում է պահը, երբ պետք է պառլամենտը ցրել. քաղաքական հրամայականն է այդպիսին: Այսպես երկար փողոցն ու պալատը չեն կարող միմյանց հակոտնյա կանգնել. ներքևները չեն ուզում, վերևները չեն կարողանում «դիլեման» պետք է լուծում գտնի, հակառակին երկիրն արդեն չի դիմանա:
Այժմ, հատուկ «սամալյոտում» հայտնված իշխանությունների` Սերժ Սարգսյանի համար խիստ կոնֆիդենցիալ տեղեկատվություն` շարժմանն անչափ մոտ կանգնած առաջնորդներից մեկն օրերս մեզ հետ կոնֆիդենցիալ զրույցում բառացիորեն ասաց հետևյալը. եթե Սերժը գնա խորհրդարանական ընտրությունների` «նախագահական արտահերթ ընտրությունների հարցը դուրս կգա մեջտեղից. Սերժն ու Լևոնը կարող են պայմանավորվել գոնե հինգ տարի կտրվածքով. այն է` հինգ տարի Սերժ Սարգսյանը նախագահում է»:
Կպայմանավորվե՞ն արդյոք...
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3827

Մեկնաբանություններ